Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն առաջնագծից կոչով դիմել է հայ ժողովրդին:
Նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում նա ընդգծել է․
<Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ դիմել առաջնագծից՝ հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությունից: Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ: Ամենամեծ ուժն ունի հավատքը: Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք: Ուզում եմ, որ մեր բոլոր եկեղեցիներում աղոթեն մեր նահատակների և, իհարկե, առաջնագծում կռվող զինվորների համար: Ուզում եմ, որ ամեն հայ ամեն օր աղոթի մեր հաղթանակի համար: Ուզում եմ, որ այսօրվա եղած միասնականությունը պահպանվի: Ուզում եմ, որ բոլորդ գիտակցեք՝ ձեզնից է կախված մեր ազգի ապագան: Ուզում եմ, որ օր առաջ, ժամ առաջ կատարեք Հայրենիքի նկատմամբ ձեր պարտքը՝ հնարավորության դեպքում այդ պարտքը՝ առաջնագծում: Սահմանում ձեզ սպասում են ավելի քան երբևէ: Պատվով կատարեք Հայրենիքի նկատմամբ ձեր պարտքը: Սա հայրենական պատերազմ է: Ուզում եմ նորից ընդգծել, պետք է հավատալ, ես հավատում եմ: Մենք հաղթելու ենք>։