Արմինֆո.Հայտնի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը միացել է <Հայերի ասամբելայի> մարդասիրական նախաձեռնությանը եւ առաջիկա համերգի իր հոնորարը փոխանցել է Ասամբլեայի հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է երաժշտի կինը ՝ հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան ։
<Հանգանակված միջոցները կուղղվեն Արցախի երեխաներին մարդասիրական օգնությանը․ հրատապ կարիքների ապահովմանը՝ ներառյալ պարենամթերքը, կացարանը, բժշկական եւ նյութատեխնիկական աջակցությունը>, - նշել է Սպիվակովան:
Մաեստրոյի կինը հրապարակել է նաև Սպիվակովի ելույթի մի հատված Երևանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին:
Նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին դիրիժոր, նվագախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Թեոդորր Կուրենտզիսը, աշխարհի ամենահայտնի ջութակահարներից մեկը՝ Սերգեյ Խաչատրյանը, ջազային սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, Մարիամ Մերաբովան, ովքեր Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Միլանում կայացած համերգների իրենց հոնորարները փոխանցել էին <Հայերի ասամբլեա>։