Արմինֆո. Թուրքիան շարունակում է Հարավային Կովկասում ամրապնդվելու փորձերը եւ արդեն իրեն իրավունք է վերապահում միջազգային դերակատարներին մատնացույց անել՝ ում հետ եւ ինչպես համագործակցել ։
Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) խոսնակ Մուստաֆա Շենտոպն Ադրբեջանի Միլի մեջլիսում իր ելույթի ժամանակ հավաստիացրել է, որ ժամանակակից Հայաստանը վերածվել է <գլոբալ խաղաղության եւ անվտանգության համար խնդրի>՝ հանաբար նկատի ունենալով, որ հայ ժողովուրդը <ոսկորէ Անկարայի կոկորդում>, որը 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը գործելով, մինչեւ հիմա չի կարող հանդարտվել եւ կրկին, այժմ արդեն ադրբեջանցիների ձեռքերով, շարունակում է 1915 թվականին սկսածն Արցախում:
Ընդ որում, Շենտոպնիրեն իրավունք է վերապահել մատնացույց անել ինքնիշխան պետություններին ում հետ փոխգործակցել, ում հետ ՝ ոչ ։ <Հարավային Կովկասում ազդեցություն ունեցող երկրները պետք է հրաժարվեն Երեւանի աջակցությունից>,- ասել է Շենտոպը ՝ չճշտելով, թե որ երկրներին են ուղղված իր մեսիջները ։
Այնուհետև, Շենտոպը, հավանաբար, թուրք-ադրբեջանական ագրեսիան արդարացնելու համար, քննադատությամբ է հանդես եկել Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին ՝ վստահեցնելով, որ մինչ օրս իրենք որևէ իրական քայլ չեն ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար ։ Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ թուրքաադրբեջանական տանդեմի համար գոյություն ունի կարգավորման միակ արդար տարբերակը ՝ Ադրբեջանի բոլոր պայմանների կատարումն ու Արցախի ու նրա բնակչության իրավունքների լիակատար անտեսումը։ Ակնհայտ է, որ շատ անտրամաբանական է, երբ 1990-ականների սկզբին ղարաբաղցիների դեմ ռազմական գործողություններ սանձազերծած ագրեսոր պետությունը և այդ պատերազմում պարտվողը ոչ միայն չի ցանկանում փոխզիջումների գնալ, այլև փորձում է շանտաժի և սպառնալիքների միջոցով պարտադրել կարգավորման իր տեսլականը ։
<ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն 30 տարի չի կարողանում ելք գտնել ղարաբաղյան հակամարտությունից։ Այսօր կարելի է արձանագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի <ուղեղի մահը>>, - ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը ։
Նա նաև փորձել է արդարացնել սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի դեմ սանձազերծված մարտական գործողությունները ՝ վստահեցնելով, որ եթե խոսքը հայրենիքի պաշտպանության մասին է, ապա պատերազմն արդարացված է և օրինական ։ <Թուրքիան, անշուշտ, կողմ չէ պատերազմին։ Սակայն, ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի հողերը վերածել մանրադրամի>, - ընդգծել է նա ։
Խոսնակը նշել է, որ միջազգային իրավունքի ճգնաժամն ու երկակի ստանդարտների քաղաքականությունը ոգևորում են ագրեսոր երկրներին ՝ հավանաբար նկատի ունենալով վերջին տարիներին Թուրքիայի կողմից տարբեր տարածաշրջաններում, այդ թվում ՝ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Միջերկրական ծովում իրականացվող ապակայունացնող քաղաքականությունը: <Գլոբալ կազմակերպություններն այլևս ի զորու չեն խաղաղություն ապահովել համաշխարհային մակարդակով։ Այդ պատճառով, ինչպես երբեք, կարեւոր է նաեւ ՄԱԿ - ի բարեփոխումը> - ամփոփել է Շենտոպը ։