Արմինֆո.Խոսակցություն է տարվում այն մասին, թե որ կառույցը եւ ինչպես կհետեւեր հրադադարի ռեժիմի պահպանմանը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ինչպես հաղորդում է "ՌԻԱ նովոստին", այդ մասին լրագրողներին հաղորդել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ ամփոփելով Անվտանգության խորհրդի փակ խորհրդատվությունների արդյունքները:
Ավելի վաղ ՌԴ-ն, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, պահանջել էին ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ խորհրդատվություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ:
"Կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածության հասնելու պահից այն չի պահպանվել։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպես ապահովել հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողությունը", - ասել է Նեբենզյան։ Նրա խոսքով, երկուշաբթի հաղորդումներ են հնչել այն մասին, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում իր գործընկերների հետ Հայաստանում և Ադրբեջանում այն մասին, թե ինչպես պետք է իրականացնել վերահսկողության այդ մեխանիզմը: "Այդ հարցը, իհարկե, բարձրացվել է խորհրդատվություններում, եւ Խորհուրդը բավական միասնական դիրքորոշում ունի այդ հարցում", - նշել է ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
Պատասխանելով այն հարցին, թե որ կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն, ավելի հարմար կլինեին Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համար, Նեբենզյան հայտարարել է. "ՄԱԿ-ի համար կպահանջվեր Անվտանգության խորհրդի մանդատը, դա հեշտ եւ արագ բան չէ: ԵԱՀԿ-ը գլխավոր դեր է կատարում կարգավորման գբործում։ Թե՝ ով կլինի այնտեղ եւ ինչ որակով, ով կստուգի, դա դեռ հարց է։ Այն քննարկվում է։ Թե ինչպես այն կիրագործվի գործնականում, դա այլ պահ է", - հավելել է նա։