Արմինֆո. ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցած օրվա ընթացքում ղարաբաղա - ադրբեջանական հակամարտության գոտում մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 5 անօդաչու սարք են խոցել: Այդ մասին հաղորդում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է Razm.Info-ն, Արցախի ՊԲ ՀՕՊ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք: Աղբյուրը նշում է, որ Արցախի ՊԲ-ի հրապարակած տեսանյութերում ներկայացված են խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը, և կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկան, որը տեղադրվում է թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմին հաջողվել է խոցել առնվազն մեկ Bayraktar: