Արմինֆո.Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովը շեշտադրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների' Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հոկտեմբերի 1-ի հայտարարության պահպանվող արդիականությունը: Ընդգծվել է նաեւ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խստորեն հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում: Վերահաստատվել է սուբստանտիվ բանակցություններ սկսելու վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը՝ հիմնարար սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: