Արմինֆո. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների:
Հարկ է նաև նշել, որ գիշերը հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի և Շուշիի ուղղությամբ ։ Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով ծանր վիրավորում է ստացել Շոշ գյուղի երեք խաղաղ բնակիչ:
ՀՀ ՊՆ-ն հայտնել է նաև, որ Հայաստանի օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ։
ՊՆ-ում հերքել են նաև ադրբեջանական կողմի մեղադրանքները, թե իբր ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ հրթիռներ են արձակվել: <Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքականղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ>,- ընդգծել են ՀՀ ՊՆ-ում։