


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի մարտերում Պաշտպանության բանակի ուժերը ոչնչացրել են սիրիական ահաբեկչական խմբավորումների առնվազն 52 ներկայացուցչի։ Այդ մասին հաղորդել է The Washington Post-ը՝ վկայակոչելով սպանվածների հարազատներին։
Թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ զոհվածները հավաքագրվել են այն խմբավորումների կողմից, որոնք աջակցում են Թուրքիային, եւ նրանք գիտեին, որ պետք է պատերազմեն Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի դեմ, եւ գրավեն որոշակի շրջաններ: Աղբյուրի հավաստմամբ՝ յուրաքանչյուր ահաբեկչի ամսական 2000 դոլար են խոստացել։ Սպանվածների մարմինները սիրիա-թուրքական հսկիչ անցակետում հարազատներին են փոխանցվում արդեն հոկտեմբերի սկզբից։
The Washington Post-ը հաղորդում է, որ ունի սպանվածների լուսանկարներ, սակայն դրանք չի հրապարակելու՝ էթիկական նկատառումներով:
Թուրքիան շարունակում է հերքել տեղեկատվությունն այն մասին, որ ինքը Ղարաբաղում պատերազմելու համար վարձում է սիրիական ահաբեկչական խմբավորումների մարդկանց։ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային նրանց մասնակցությունը հերքում է նաև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցում են ոչ միայն ադրբեջանական բանակը, "կառավարվելով թուրք ռազմական մասնագետների կողմից, այլեւ Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկանները՝ Սիրիայից եւ Լիբիայից": Այս տեղեկատվությունը հաստատում են նաեւ Ռուսաստանիեւ մի շարք արեւմտյան երկրների հատուկ ծառայությունները:



