
Արմինֆո. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիային միջազգային արձագանքը հետևողականորեն խստացվում է ։ Մասնավորապես, խոսքը Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի արձագանքի մասին է, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի երեկվա հարցազրույցից հետո՝ նաև ԱՄՆ-ի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը։
<Ի դեպ, Արցախի դեմ ագրեսիայի առաջին իսկ օրերից ԱՄՆ պետքարտուղարը հստակ ընդգծել է <հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավումը դադարեցնելու անհրաժեշտությունը>․ այսինքն ՝ Թուրքիային։ ԱՄՆ-ում քաջ գիտակցում են, որ Թուրքիան այսօր ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ սիրիական, լիբիական, ընդհանուր առմամբ, մերձարևելյան սցենարով։ Եվ դա անում է նաև ահաբեկիչներին տարածաշրջան արտահանելու միջոցով ՝ Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի նպատակով։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ի մոտեցումը պայմանավորված է հենց այդ իրողությունների գիտակցմամբ>, - ընդգծել է նա:
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ղեկավարության պասիվությունը Հարավային Կովկասում հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության լույսի ներքո՝ փորձագետը Բրյուսելի նման պահվածքը բացատրել է Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության զգալի ուժեղացմամբ: Ընդ որում՝ ամենեւին էլ ոչ միայն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում։ Նման իրողությունը, նրա գնահատմամբ, սերտորեն կապված է Արցախի դեմ հերթական ագրեսիային Անկարայի մասնակցության առնչությամբ մի շարք երկրների, միջազգային կազմակերպությունների և հանրության դիրքորոշման հետ։
Այս առումով փորձագետը զուգահեռներ է անցկացրել Միջերկրական ծովի արեւելյան մասում Հունաստան-Թուրքիա դիմակայության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման եւ Հայաստան-Թուրքիա դիմակայության վերաբերյալ դիրքորոշման միջեւ: Նրա գնահատականներով, առաջին դեպքում Վաշինգտոնի դիրքորոշումը միանշանակ չէ եւ կայանում է Հունաստանի եւ Կիպրոսի աջակցության եւ Թուրքիայի դատապարտման մեջ, ինչը բացատրվում է այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի ուղղակի շահերով: Մինչդեռ, ղարաբաղյան հակամարտության դեպքում առկա է բազմակողմանի ֆորմատով ներկայացվող շահերի կոնֆիգուրացիա։
Ղարաբաղյան հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավվածության բացակայության պահմաններում Դաշինքը, փորձագետի կանխատեսմամբ, կշարունակի զերծ մնալ առարկայական հայտարարություններից, առավել ևս ՝ իրավիճակի հետ կապված կոնկրետ քայլերից: Ընդ որում, ՆԱՏՕ-ի ցանկացած միջամտություն առաջին հերթին կգնահատվի՝ որպես մարտահրավեր Ռուսաստանին, որը դեռ տարածաշրջանը համարում է իր կենսական շահերի գոտին։ Սակայն, մյուս կողմից՝ Դաշինքը չի ձգտում խորքային հակասություններ հրահրել նաև Թուրքիայի հետ։
<Այս առումով ՆԱՏՕ-ի ճնշումը Թուրքիայի վրա հնարավոր է բացառապես այնքանով, որքանով դրանք չեն վնասի Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին։ Վերջինս առաջին հերթին պայմանավորված է Ֆրանսիայի դիրքորոշմամբ, որի նախագահ Մակրոնը իրերն իրենց անուններով կոչեց՝ Էրդողանին անվանելով Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի նախաձեռնողներից մեկը>, - ամփոփել է Վերանյանը ։