


Արմինֆո. Եռյակ միությունը (Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ) չի լուծել, նույնիսկ, մարտերի առաջին օրվա համար դրված խնդիրը։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած ռազմական գործողության մշակման ժամանակ դրվում են ոչ միայն խնդիրներ, այլեւ դրանց կատարման ժամկետներ։ Առաջին իսկ օրվանից մարտերը ծավալվել են, հիմնականում, երկու ուղղություններով։ Հարավային ուղղությամբ թշնամու կողմից փորձ է արվել կտրել իրանական սահմանը և դուրս գալ Հայաստանի Մեղրիի շրջան, իսկ հյուսիսում հակառակորդը ցանկացել է ճեղքել պաշտպանությունը և դուրս գալ մի կողմից դեպի Ստեփանակերտ, մյուս կողմից ՝ Քարվաճառ տանող ճանապարհի մոտ, դրանով իսկ՝ շրջապատել Արցախը։ Բայց հակառակորդը չկարողացավ լուծել մարտերի առաջին օրվա խնդիրը։ Այդ գործողությունը, Հարությունյանի համոզմամբ, ծրագրված էր Թուրքիայում, այն համապատասխանում էր Անկարայի շահերին՝ նեոօսմանիզմի գաղափարի տեսանկյունից։
Ավելին, Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել սիրիական, ավելի ճիշտ, Իդլիբի մոդելով, բաժանելով վերահսկողության գոտիների, սակայն, Ռուսաստանն այդ առաջարկը վճռականորեն մերժել է։ Անդրադառնալով Արցախում ընթացող մարտերին եւ միջանկյալ արդյունքներին՝ Հարությունյանը հավելել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը լիովին ձախողվել են։ Ամոթալի են նաև նրանց հայտարարություններն այն մասին, թե՝ հոգնել են սպասել՝ մոռանալով հարցը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու իրենց միջազգային պարտավորությունների մասին։ Բայց տվյալ կոնկրետ դեպքում խոսքը ուժի մասին է, որը պատասխանատու չէ միջազգային պարտավորությունների համար։



