Արմինֆո. Հայկական հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ դիմակայում են հակառակորդի հարձակումներին։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ այդ հարձակումները համակարգվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Ընդ որում, պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, թուրքական F-16 կործանիչները խախտել են Հայաստանի օդային տարածքը։ "Ադրբեջանի այն հայտարարությունները, թե Թուրքիան չի մասնակցում Ղարաբաղում ռազմական գործողություններին, սուտ են։ Թուրքական F-16 կործանիչները դեռևս հուլիսին Ադրբեջան են ժամանել Վրաստանի օդային տարածքով։ Նրանք մասնակցել են թուրք-ադրբեջանական զորավարժություններին։ Այդ զորավարժություններից հետո նրանք մնացել են Գյանջայի ռազմական օդանավակայանում", - ասել է Մովսեսյանը։ Նա տվյալներ է ներկայացրել ղարաբաղյան պատերազմում թուրքական կործանիչների գործարկման մասին։ Մասնավորապես, սեպտեմբերի 27-ին F-16-ը 6 կմ-ով խախտել է Հայաստանի օդային տարածքը, հարվածներ հասցրել Մեծ Մասրիկ գյուղին եւ Վարդենիս քաղաքին, սեպտեմբերի 29-ին սահմանից 60 կմ հեռավորության վրա խոցել է հայկական Սու-25-ը, հոկտեմբերի 10-ին երկու անգամ հարվածել է Կապանին: