
Արմինֆո.Վարձկանների հավաքագրման խողովակն Ադրբեջանը գործարկել է դեռեւս 1992 թվականին եւ այսօր էլ շարունակում է նրանց ներգրավումը տարածաշրջան, ինչը սպառնալիք է ոչ միայն Ղարաբաղի եւ Հայաստանի, այլեւ տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Այս մասին հոկտեմբերի 15-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի քարոզչամեքենան ամենաբարձր մակարդակով հայտարարում է, թե ագրեսորի զինված ուժերի շարքերում վարձկաններ չկան: Մասնավորապես, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահայտվել է այդպիսիների բացակայության մասին։ Նույնը կրկնել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Մինչդեռ, ինչպես նշել է վարչապետի խորհրդականը, այդ հայտարարությունները տարբերվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններից։ Այսպես, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հայտարարել է հակամարտության գոտում Սիրիայից վարձկանների հայտնվելու մասին։ ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահի հետ զրույցում մտահոգություն է հայտնել այդ փաստի առնչությամբ։ Ֆրանսիայի նախագահը նույնպես իր ելույթում նշել է Սիրիայից վարձկանների ներգրավման փաստը: Նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային մեղադրել է այդ մարդկանցով Ադրբեջանին ապահովելու համար։ Էլ չենք խոսում այլ երկրների՝ Ավստրիայի, Հունաստանի, այլ երկրների մասին: Կան բազմաթիվ ձայնագրություններ, որոնք վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների ստի մասին:
Որպես օրինակ Վաղարշակ Հարությունյանը ներկաներին ցույց է տվել մի փաստաթուղթ, որի տակ դրված է Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայիս ղեկավար Նուրեդդին Սադիխովի ստորագրությունը, որը վկայում է Ադրբեջանի ռազմական ստորաբաժանումներում 520 վարձկանների ներգրավվածության և մարտական գործողություններին նրանց մասնակցության մասին։ Կա նաև հրաման, որը նույնպես ցուցադրվել է հայ լրագրողներին, ըստ որի, Բաքվում հայտարարվել է պարսկերենին տիրապետող 15 պահեստազորայինների զորակոչ։