Արմինֆո. Հայության համախմբման գոյություն ունեցող մակարդակի պահպանումը արդեն առաջիկա օրերին զինադադարի հասնելու գրավականն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
<Հայկական քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների համախմբման ներկայիս մակարդակի պահպանումը, Հայոց բանակի ոգին, սփյուռքահայ մեր եղբայրների ջանքերը, դիվանագիտական ջանքերը՝ ամենակարճ ճանապարհն է հակառակորդին շուտափույթ զինադադար պարտադրելու: Մենք չպետք է զինադադար ակնկալենք՝ բացառապես արտաքին գործոնների գործարկումից, Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ճնշումներից։ Թե երբ Ադրբեջանը կանգ առնի, առաջին հերթին կախված է մարտի դաշտում մեր կոնսոլիդացիայից։ Եվ այսօր այն հստակ երևում է>, - ընդգծել է նա ։
Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայիս չեզոք դիրքորոշումը ՝ քաղաքագետը կասկածներ է հայտնել դրա արդյունավետության վերաբերյալ: Առաջին հերթին ՝ համանախագահների հայտարարություններում հասցեականության բացակայության պատճառով։ Նրա կարծիքով ՝ հրադադարի ռեժիմի վերականգնման ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերը կարող են հաջողությամբ պսակվել՝ բացառապես պատերազմի շարունակման հստակ հասցեատեր ու մեղավոր Ադրբեջանի, այլ ոչ թե՝ Հայաստանի հետ միասին վերջինիս հիշատակման դեպքում։
Նշելով ռուսական ազդեցության առկայությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ՝ Գրիգորյանը այն պայմանավորել է համապատասխան մեխանիզմներով ու գործիքակազմով ։ Հայաստանի դեպքում պաշտպանական ոլորտում պաշտոնական, միջազգային պայմանագրերով, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությամբ և Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի առկայությամբ ։ Ադրբեջանի վրա Մոսկվայի ազդեցությունը նա պայմանավորում է սպառազինությունների մատակարարման պայմանագրերով ։ Այս լույսի ներքո Ռուսաստանը, նրա կարծիքով, միանգամայն կարող է սպառնալ Բաքվին դադարեցնել ռազմատեխնիկական համագործակցությունը, եթե վերջինս չդադարեցնի պատերազմը։
Մեկնաբանելով Թուրքիայի դերը Արցախի և Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մեջ և Ռուսաստանի արձագանքը այդ դերին ՝ քաղաքագետն առանձնացրել է նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ՝ թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում արած հայտարարությունը: Նրա գնահատմամբ ՝ տարածաշրջանում վարձկանների ՝ ահաբեկիչների առկայության մասին Շոյգուի հիշատակումը շատ կարեւոր նշանակություն ունի ։ Եվ հաշվի առնելով, որ այն հաստատվել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի կողմից, Մոսկվայում, ըստ Գրիգորյանի, քաջ գիտակցում են սեփական ռեգիոններին ահաբեկչական սպառնալիքը։