


Արմինֆո. Հոկտեմբերի 15-16-ին կայանալիք գագաթնաժողովում Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ Բելառուսում տիրող իրավիճակը, Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները եւ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպը: Այդ մասին չորեքշաբթի Բրյուսելում լրագրողներին հաղորդել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ Ընդ որում դիվանագետն ընդգծել է, որ այդ բոլոր հարցերը քննարկվել են հոկտեմբերի 12-ին ԵՄ խորհրդի նիստում, ինչի կապակցությամբ ոչ մի նոր որոշում չարժե ակնկալել, եւ ԵՄ-ի ղեկավարները, պարզապես, կհաստատեն միության երկրների արտաքին գործերի նախարարների եզրակացությունները:
ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների նիստում քաղաքական որոշում էր կայացվել պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման համար: Բացի այդ, ԵՄ Խորհուրդը որոշել էր սկսել աշխատանքը Բելառուսի հարցով սեւ ցուցակի ընդլայնման ուղղությամբ ՝ սպառնալով դրանում ներառել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:


