


Արմինֆո. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մտահոգություն է հայտնել, թե ինչպես են իրականացվում Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները, հայտնում է <Газета.Ru>-ն։
<Հազիվ թե կողմերը, որոնք Մոսկվայում բազմաժամ բանակցություններ են անցկացրել, կարող են գոհ լինել, թե ինչպես են կատարվում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այստեղ կարելի է միայն մտահոգություն հայտնել>, - ասել է Պեսկովը ։
Նա նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձեւաչափի պահպանումը: <Մոսկվայում, նախեւառաջ, ելնում են այն բանից, որ վերջերս Մոսկվայում կայացած արտգործնախարարների (Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի) հանդիպման ընթացքում բոլոր երեք կողմերը հաստատել են բանակցային ձեւաչափի անփոփոխության սկզբունքը>, - ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կայացած բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի 10-ի կեսօրից հումանիտար նպատակով Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ հայտարարելու մասին: Սակայն, հրադադարն այդպես էլ ուժի մեջ չի մտել, մարտական գործողությունները հակամարտության գոտում շարունակվում են ։


