


Արմինֆո. Իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավոր է, և այն առաջարկները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշակել և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին ։ Այս մասին ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ։
<Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է.դա Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների փուլային, աստիճանական ազատումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ եւ ապահովմամբ, մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի և Հայաստանի միջև >,- ասել է ռուս նախարարը ՝ հավելելով, որ այդ սխեման բավականին հայտնի է:
Դրա հետ մեկտեղ նա արձանագրել է, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք քննարկվել են վերջին շրջանում և որոնք լրջորեն են ընկալվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ <Իսկ առաջին փուլում, բացի հինգ շրջանների վերադարձից, կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն ռազմական գործողությունների չվերսկսումը>,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև պարզաբանել է, որ հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի, մեխանիզմը պետք է գործի շփման գծում, դա 5 շրջանները չեն, որոնք պետք է տրվեն առաջին փուլում ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների համաձայն։
<Ներկայումս ոչ թե խաղաղապահների, այլ խոսքը զինվորական դիտորդների մասին է, մենք ճիշտ ենք համարում, որ լինեին մեր դիտորդները, բայց վերջնական խոսքը պետք է լինի կողմերինը։ Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ Երևանում և Բաքվում հաշվի կառնեն մեր ռազմավարական և գործընկերային հարաբերությունները>,- ասաց Լավրովը։


