Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով Լեռնային Ղարաբաղում սրման ֆոնին ռազմական օգնության խնդրանքով ՌԴ-ին կամ ՀԱՊԿ-ին դիմելու հնարավորության վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ ամեն ինչ կարող է գործարկվել՝ ըստ անհրաժեշտության եւ ելնելով կողմերի պայմանագրային պարտավորություններից:
"Մենք ունենք դաշնակցային փոխհարաբերություններ, պայմանագրային պարտավորություններ երկկողմ գծով, ՀԱՊԿ-ի մասով։ Ամեն ինչ կգործարկվի այնպես, ինչպես պետք է գործի ըստ անհրաժեշտության", - ասել է նա, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Հարկ է նաև նշել, որ օրեր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը համոզմունք էր հայտնել, որ Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանին։ Նրա խոսքով ՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը շահագրգռված չեն, որ հակամարտությունը վերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի։ Սակայն, նա ընդգծել էր, որ եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա գործի կդրվեն Հայաստանին անհապաղ օգնություն ցուցաբերելու մեխանիզմներ, այդ թվում՝ ռազմական, ինչպես դա նախատեսված է ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական հիմքով։