
Արմինֆո. Չափազանց կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստուգման մեխանիզմների ներդրումը, որը թույլ կտա հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ դրա վերահսկողությանը: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով երկկողմ բանակցությունների արդյունքները։
Նրա խոսքով՝ միայն լիակատար հրադադարից հետո հնարավոր կլինի արդյունավետ առաջ շարժվել բոլոր հարցերում։ Մնացականյանն այս համատեքստոիմ հիշեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտոիթյան խաղաղ կարգավորմանը: ՀՀ ԱԳ նախարարը նաեւ բացասաբար է գնահատել Ադրբեջանի այս ագրեսիայի ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ընդգծելով, որ Հայաստանը եղել և շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:
Միեւնույն ժամանակ, անդրադառնալով ճշգրտող հարցին, թե՝ ինչպես է այսօր Հայաստանը պատկերացնում ստուգման մեխանիզմը, Մնցականյանը նշել է, որ գնահատականներում զգուշավոր կլինի, քանի որ այժմ որոշակի խորհրդատվություններ են ընթանում այդ հարցերի շուրջ:
"Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք չենք կարող հասնել մեր մոսկովյան պայմանավորվածությունների առաջին կետի կատարմանը (հումանիտար հրադադար - խմբ.)։ Աշխատանքում ներգրավված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ռուսական կողմը, բնականաբար, Մինսկի միջնորդները ՝ կայուն հրադադարի հասնելու նպատակով, որպեսզի սկսենք լուծել հումանիտար հարցերը։ Եթե մենք չկարողանանք երկարաձգել հրադադարը, այն կշարունակի բացասաբար անդրադառնալ մնացած բոլոր հարցերի վրա։ Այս հրադադարի պահպանումն ու ամրապնդումը առանցքային խնդիր է և մարտահրավեր, իսկ դրա համար գործուն մեխանիզմ է ստուգման մեխանիզմների ներդրումը", - ասել է նա, հիշեցնելով, որ ոչ թե Հայաստանն ու Արցախն են հրաժարվում դրանց ներդրումից, այլ՝ Ադրբեջանը, իսկ արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք։ Նա ևս մեկ անգամ կտրականապես հերքել է Հայաստանի և Արցախի հասցեին հնչող մեղադրանքները հրադադարի ռեժիմի խախտման և այն մասին, թե ինչ է կատարվում այսօր։
Իր հերթին՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նույնպես հաստատել է, որ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության հարցերը միանգամայն առանցքային եւ կարեւոր: Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցներում անդրադարձել է նաեւ ստուգման թեմային, եւ այն հարցին, թե ինչպես գետնի վրա կվերահսկվի հրադադարի պահպանումը:
"Իհարկե, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակի սուր բնույթը, հաշվի առնելով ռազմագերիների փոխանակման անհրաժեշտության, զոհվածների մարմինների վերադարձն իրենց հարազատներին, չի կարելի ձգձգել նման մեխանիզմների ներդրումը։ Ստուգման մեխանիզմների մշակումն ընթացքում է, Ռուսաստանը դրան մասնակցում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ըստ ամենայնի աջակցում են, եւ ԿԽՄԿ-ն պատրաստ է միանալ աշխատանքին, երբ իրավիճակը գետնի վրա կայունանա", - ասել Է Լավրովը:
Ընդ որում, նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՌԴ-ն ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկի կարգավիճակում կշարունակի ակտիվ մասնակցությունը գործընթացին՝ գետնի վրա իրավիճակի կայունացման համար: -