Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում արտախորհրդարանական ուժերի հետ, որի օրակարգում ընդգրկված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Հանդիպմանը մասնակցել են նախկին իշխող ուժի՝ «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում:-