Արմինֆո. «Horizon Armenia TV»-ով հեռարձակված «Հայաստանին օգնություն. արտակարգ հեռուստամարաթոն»/ Armenia Aid Emergency Telethon-ի ընթացքում հանգանակվել է 30 միլիոն 523 հազար 692 դոլարի հասույթ: Սակայն սա դեռ վերջնական հանգանակությունը չէ, քանի որ մարդիկ շարունակում են գումարներ փոխանցել: Բացի այդ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար #ArtsakhStrong» խորագրով հանգանակությանը այս պահին հավաքագրվել է ավելի քան 93 մլն դոլար:
Հիշեցնենք, որ նախօրեին Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար է փոխանցել Արցախին՝ բոլորին կոչ անելով հետևել իր օրինակին։
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հիշեցնում է, որ ի աջակցություն Արցախի դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության հատուկ հաշվին, որը ստեղծվել է այդ նպատակով: Տարբեր արժույթներով փոխանցումների հաշիվները ներկայացված են հետևյալ հղումով՝ https://bit.ly/2GnkNMF: