
Արմինֆո. Արցախը Ադրբեջանի մաս չի լինելու, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ այժմ իրականացվում է ժողովրդի ցեղասպանություն, որը 1988 թվականից պայքարում է իր երկրում ազատ ապրելու իրավունքի համար։ Հարությունյանը նաեւ ընդգծել է Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությունը այս պատերազմին։
"Մենք ակնկալում ենք ողջ քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը, բայց ոչ միայն կոչերի, այլ գործողությունների տեսքով։ Միջազգային ահաբեկչությունը ներթափանցում է տարածաշրջան։ Ստեփանակերտում ոչ մի տեղ չկա, որտեղ պայթյուններ չլինեն, մինչ այդ գնդակոծվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Եվ միթե՞ այսքանից հետո Ադրբեջանը հույս ունի, որ Արցախը կհամաձայնի իրենց պահանջներին։ Դա երբեք չի լինի, Արցախը Ադրբեջանի մաս չի լինի", - ընդգծել է Արցախի նախագահը։
Հարությունյանը նշել է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը խոշոր կորուստներ է կրել եւ դրանց մասին կարող է հաղորդել միայն հրադադարի պայմաններում, ինչը իրեն ձեռնտու չէ: (Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնական տվյալներ չի հրապարակել իր կորուստների մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դա գաղտնի տեղեկատվություն է – խմբ.):
"Հայկական կողմը միշտ էլ խաղաղության կողմնակից է եղել։ Այս մոլորակում խաղաղություն ամենից շատ ցանկանում են հենց արցախցիները։ Բայց մենք չենք կարող վերջնագրեր ընդունել այն երկրից, որը մտադիր է ֆիզիկապես ոչնչացնել Արցախի ժողովրդին, Արցախի հազարամյա պատմությունն ու ամբողջ Արցախը", - ընդգծել է Հարությունյանը։
Արցախի նախագահը հայտարարել է, որ եթե անհրաժեշտություն առաջանա, ինքը կհայտարարի հայրենական պատերազմ եւ աշխարհի բոլոր հայերին կոչ կանի ոչ միայն բարոյական, այլեւ ֆիզիկական մասնակցություն ունենալ պատերազմին: "Եթե նրանք ցանկանում են երկար պատերազմ, նրանք դա կստանան, բայց մենք չենք նահանջի մեր նպատակից: Եթե անհրաժեշտություն լինի, ես կդիմեմ Հայաստանի իշխանություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանքով։ Ես կդիմեմ ամբողջ աշխարհին, եւ այդ ժամանակ պարզ կդառնա, թե ով է ահաբեկչությանն օժանդակողը", - նկատել է նա։
Հարությունյանն անդրադարձել է նաև երկրում տիրող ընդհանուր իրավիճակին։ Նա նշել է, որ առավոտից իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ "Բայց մենք չգիտենք, թե որքան կտևի նման հարաբերական հանգիստ իրավիճակը։ Երեկ մենք ականատես եղանք, որ փաստացի հրադադար չի եղել։ Առաջնագծում մարտեր են ընթանում, բայց՝ ոչ լայնամասշտաբ, լոկալ փոխհրաձգություններ: Այժմ մեր բնակավայրերին չեն կրակում, սակայն ողջ գիշեր Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերն ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել", - եզրափակել է Արցախի նախագահը: