


Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ այս փուլում վաղաժամ է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին:
Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա արձանագրել է, որ խաղաղապահները հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած հիմնարար սկզբունքներում ամրագրված տարրերից մեկն են:
<Եվ կա խաղաղապահների հետ կապված կետ։ Սակայն, մենք չենք հասել այդ կետին, որպեսզի քննարկենք այն պատշաճ կերպով, քանի որ առաջին հերթին մենք պետք է լուծենք հիմնական հարցը>, - ասել է Ադրբեջանի նախագահը ։
Ընդ որում, հավաստիացնելով, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ միայն այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղ <կվերադառնան ադրբեջանցիները>: <Իսկ ադրբեջանցիների վերադարձից հետո, իհարկե, խաղաղապահներ պետք է ժամանեն ։ Դա պայմանավորվածության շրջանակներում է ։ Եթե դա ստորագրվի երկու կողմից, ապա երկու կողմերն էլ կընտրեն, թե ովքեր կլինեն այդ խաղաղապահները ։ Այնպես որ, մենք դեմ չենք դրան։ Սակայն, մենք փաստացի չենք գտնվում այդ կետի հետ կապված բանակցությունների ակտիվ փուլում>, - նշել Է նախագահը։ Ընդ որում, Ադրբեջանի ղեկավարը ոչ մի բառ չի հիշատակել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասին՝ հավանաբար համարելով, որ այդ ժամանակ այնտեղ նրանք ապրիորի չպետք է լինեն։
Հարկ է նաև նշել, որ ՀՀ վարչապետը, անդրադառնալով հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հեռանկարներին, նշել է, որ այդ հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:


