Արմինֆո. Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Նշենք, որ նախօրեին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտգործնախարարների հանդիպումը ։ Հանդիպումը կայացել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ և տևել է ավելի քան 10 ժամ: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, պայմանավորվել են․
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։