Արմինֆո. Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանի ԶՈւ-երը փորձում են օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները, հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները։
Նա նաև գրել է, որ <Խոջալուից Հադրութին հարվածելու մասին լուրը արդեն ոչ թէ սովորական ծիծաղելի լուր է, սա Ալիևի <հաղթանակից> հետո արդեն հիվանդ երևակայության նոր ռեկորդ է>։
<Փաստորեն ադրբեջանական բանակը ունի նաև աշխարհի «ամենահզոր» հակահրթիռային համակարգը։ Մանկապարտեզի մուլտերը ադրբեջանի հասարակության համար շարունակվում են>,- գրել է Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ հակառակորդը օդային հարձակման է ենթարկել Ստեփանակերտը, զոհերի մասին առայժմ չի հաղորդվում:
Նշենք, որ Արցախի ՊԲ-ն առավոտից հայտնում է ողջ ճակատով, հատկապես հարավային թեւում, թեժ մարտերի շարունակման մասին:
Նկատենք նաև, որ մինչև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելը մնացել են հաշված րոպեներ։ Այն ուժի մեջ կմտնի ժամը 12 ։ 00-ին ։