Արմինֆո. Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամները, պետք է աշխատեն միասին՝ Ղարաբաղի վերաբերյալ դիվանագիտական լուծումն առաջ մղելու համար։
Որոշումը Ադրբեջանն ու Թուրքիան պետք է սահմանի որպես ագրեսոր եւ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխին համապատասխան ստեղծի Լեռնային Ղարաբաղի սահմանների դիտարկման միջազգային առաքելություն: Այդ մասին ասվում է ամերիկյան հեղինակավոր The Boston Globe պարբերականի հոդվածում։
Պարբերականը հիշեցնում է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը թույլ է տալիս բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառել խաղաղության և անվտանգության պահպանման համար։
Ինչպես գրում է հոդվածի հեղինակ Դևիդ Լ. Ֆիլիպսը, Թրամփի վարչակազմը պետք է իր ներդրումն ունենա ՝ դադարեցնելով ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին և ապահովելով Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահպանումը , որն արգելում է ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ձեռնարկել "ցուցադրական քայլեր՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումները և այլ հարձակողական ուժերը դադարեցնելու համար":
Բացի այդ, ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ՝ հակառակորդների դեմ ամերիկյան պատժամիջոցներին հակազդելու մասին օրենքին համապատասխան, որն ընդունվել Է Կոնգրեսի կողմից՝ ի պատասխան Ռուսաստանից C400 հրթիռների գնման։
Հեղինակը կարծում է, որ Թրամփի վարչակազմը չի ցանկանում իր հռետորաբանությունը ամրապնդել նշանակալի գործողություններով։ Թրամփը ոչ թափանցիկ գործարար կապեր ունի ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։ Նա միլիոնավոր դոլարներ է ստացել Թուրքիայում արտոնագրված համաձայնագրերով, ինչպես նաեւ ադրբեջանցի օլիգարխներից՝ հոնորարներ։ Նրան կարող է անհրաժեշտ լինել թուրքական եւ ադրբեջանական կոնցեռններից ֆինանսավորում՝ Trump Organization-ի 400 մլն դոլարի պարտքը սպասարկելու համար։ Հաշվի առնելով նրա ֆինանսական պահանջները՝ Թրամփը կարող է չցանկանալ ԱՄՆ-ի ազգային շահերը վեր դասել իր անձնական ֆինանսական շահերից, ասվում է հոդվածում։