
Արմինֆո. <Այսօր խաղաղ քաղաքները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում են ըստ էության շուրջօրյա:
Եվ այս իրավիճակում, երբ Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ, իմ կոչն այն է, որ նախ եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը դապարտի ադրբեջանաթուրքաահաբեկչական հարձակումը>,- ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը սկսել է հարձակում, լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և այս պատերազմը սկսել է Թուրքիայի քաջալերմամբ և անմիջական մասնակցությամբ: <Թուրքիան նաև Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան, որպեսզի նրանք Ադրբեջանի կողմից պատերազմեն Ղարաբաղի դեմ: Եվ հիմա այս պահին Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ և առերեսվում է ահաբեկչական հարձակման հետ։ Այն ինչ տեղի է ունենում հիմա Ղարաբաղում հենց դրա վկայությունն է, որովհետև ի՞նչ է նշանակում, իսկ ինչի՞ համար են եկել ահաբեկիչները Ղարաբաղ, իսկ ինչի՞ համար են շուրջօրյա հրթիռակոծվում խաղաղ բնակավայրերը: Եվ ես ասում եմ, որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս շարունակելու հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը: Ընդ որում, ինձ համար ակնհայտ է, որ դա ունի կոնկրետ աշխարհաքաղաքական պատճառ, որովհետև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհի վերջին խոչընդոտն են շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք:
Եվ սա պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության, որ վարում է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում և սա թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է: Եվ ըստ էության ես համոզված եմ, որ հենց այս հարցն է լուծվում Հարավային Կովկասում: Եվ բոլոր եվրոպական լրատվամիջոցներին հարցազրույց տալիս ասում եմ, որ եթե Եվրոպան, միջազգային հանրությունն այս իրավիճակին չվերաբերվի անհրաժեշտ լրջությամբ, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Եվ ավարտելով առաջին հարցին ի պատասխան իմ զարգացրած միտքը՝ ուզում եմ ասել, որ այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի այն, որ եվրոպական երկրները, միջազգային հանրությունը և կոնկրետ երկրները իրենց մեջ ուժ գտնեն և վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը>,- ասել է Փաշինյանը։