


Արմինֆո.Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել ադրբեջանական ԶՈւ կողմից օտարերկրյա լրագրողների թիրախավորման վերաբերյալ.
«Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Շուշի քաղաքին, մասնավորապես՝ Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցուն հասցված երկրորդ օդային հարվածի հետևանքով վիրավորվել են ՌԴ քաղաքացիներ, լրագրողներ Յուրի Կոտենոկը և Լևոն Արզանովը, ինչպես նաև նրանց ուղեկցող Հրանտ Բադալյանը։
Վիրավորվածները տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն՝ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Յուրի Կոտյոնոկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ անկայուն։ Լևոն Արզանովի և Հրանտ Բադալյանի վիճակը՝ միջին ծանր. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հերթական անգամ մամուլի ներկայացուցիչների թիրախավորումը և կոչ ենք անում միջազգային հանրությանը համարժեք իրավական և բարոյական գնահատական տալ այս հանցագործությանը։
Արցախի ԱԳՆ ներկայացուցիչն այցելել է վիրավոր լրագրողներին։ Վերոնշյալ միջադեպի կապակցությամբ կապ է ապահովվում ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ»։



