


Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արձանագրում է Սիրիայից գրոհայինների ներթափանցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, սակայն դեռեւս դժվար է գնահատել այդ նետման մասշտաբները: Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
"Ինձ համար հիմա դժվար է դատել ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայինների տեղափխման մասշտաբների եւ կազմակերպվածության մասին։ Ամենայն հավանականությամբ, այն կա, այնտեղ հայտնվում են գրոհայիններ, հանցակիցներ։ Իհարկե, դա հարաբերությունների կարգավորման օգտին չէ։ Դա որոշակի մարտահրավեր է կազմակերպության համար", - ասել է Զասը։
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել էր, որ Սիրիայի գրոհայինները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ: "Մենք վստահաբար կարող ենք դա հաստատել, բայց ոչ այն պատճառով, որ մենք ապացույցներ ունենք ։ Երբեմն ապացույցներ չկան, բայց կան դրա ցուցումներ", - ասել է Բաշար Ասադը ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին նշել է, որ 300 սիրիացի գրոհային տեղափոխվել է Բաքու Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով: Նրա խոսքով ՝ այդ մարդիկ նույնականացված են, պատկանում են Հալեպի շրջանում գործող խմբավորմանը ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան փաստացի ապացույցներ ունի ահաբեկիչների տեղափոխման մասին: Իսկ ՌԴ ԴԽ տնօրեն Սերգեյ Նարիշկինը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են մտել ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ։ Ինչպես ավելի վաղ "ՌԻԱ Նովոստի" - ին հաղորդել են սիրիական ընդդիմության աղբյուրները, Լեռնային Ղարաբաղում սպանվել են 93 վարձկաններ Սիրիայից, նրանցից 53-ի դիակները տեղափոխվել են Սիրիա: Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հաղորդել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում 322 սիրիացի վարձկաններ են եղել:


