


Արմինֆո.Ժնեւում ընթանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ համանախագահների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստին", ՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ հանդիպումն ընթանում է գաղտնի վայրում եւ դռնփակ ձեւաչափով:
Ընդ որում, Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում հաստատել են, որ հոկտեմբերի 8-ին Ժնեւ Է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել Է Ժնեւ ' հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հասցնելու հակառակ կողմին:
Հարկ է նշել նաև, որ հոկտեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարար կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի իր գործընկերոջ հետ:
Պաշտոնական Երեւանը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպում հնարավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության գոտում չեն դադարել մարտական գործողությունները, եւ շարունակում են հարձակման ենթարկվել խաղաղ բնակիչները:


