


Արմինֆո. Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Խայկո Մաասը Բրատիսլավայում կայացած հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
"Մենք Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասի հետ քննարկել ենք թուրք-գերմանական հարաբերությունները, արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանը, Լիբիան եւ Հայաստանի ագրեսիան։ Մենք թույլ չենք տա վնաս հասցնել Եվրամիության հետ մեր հարաբերություններին՝ Հունաստանի եւ Կիպրոսի մաքսիմալիստական մոտեցման պատճառով", - Twitter-ում նշել է Մ.Չավուշօղլուն։
Նշենք, որ նախօրեին Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը հայտարարել էր, որ Եվրամիությունում եւ Գերմանիայում, մասնավորապես, դիտարկում են Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ "ճնշում գործադրելու" տարբերակը՝ տարածաշրջանում հրադադար ապահովելու համար: Մաասը նշել էր, որ աշխատանքներ են տարվում, այդ թվում ՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի դիվանագետների հետ համագործակցությամբ, քանի որ "նրանք մեծ ազդեցություն ունեն հակամարտության կողմերի վրա":


