


Արմինֆո. Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ տեղի կունենան հինգշաբթի՝ Ժնեւում, եւ հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում, հաղորդում է "Ռոյթերս" գործակալությունը:
"Մենք ամենօրյա շփման մեջ ենք միմյանց հետ (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ - խմբ.): Այս պահին դա հաջողությամբ չի պսակվել։ Վաղը հանդիպումներ կլինեն Ժնևում, իսկ հետո այլ հանդիպումներ՝ երկուշաբթի Մոսկվայում", - ասել Է Լե Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային գործերի հանձնաժողովի անդամների առջև։ Ֆրանսիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ կհաջողվի հասնել կողմերի միջեւ բանակցությունների վերսկսման։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները հակամարտող կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական բախումները, պարտավորվել բանակցություններ սկսել՝ առանց նախապայմանների: Թուրքիան հայտարարել է, որ Ադրբեջանին կցուցաբերի ցանկացած աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրման ֆոնին։


