


Արմինֆո.Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու, ինչպես նաև բանակցությունների վերսկսման համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը։
"Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուս գործընկերոջ (Սերգեյ Լավրովի - խմբ.) հետ՝ հրատապ միջոցների անհրաժեշտության վերաբերյալ։ Դա արվել է Մինսկի խմբում երկու երկրների համանախագահության շրջանակում", - նշում է Լե Դրիանը։ Նախարարը հավելել է, որ "կրկին նման դիրքորոշում է հայտնել" Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունների ընթացքում:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունն, իր հերթին, հաղորդում է, հոկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ ԱԳ նախարարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին: Այս առնչությամբ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը իրազեկել է Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաքի և խոշոր բնակավայրերի, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքների միտումնավոր հրետակոծման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցվող գործողությունները։ ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններում Թուրքիայի աջակցությամբ Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածության առնչությամբ, ինչը հանգեցնում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։ Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:


