


Արմինֆո. Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հոկտեմբերի 5-ին հաղորդել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
"Այժմ մենք նախապատրաստում ենք երեք երկրների արտգործնախարարների հայտարարություն, բայց եւ, իհարկե, պետք է մտածել ոչ միայն հայտարարությունների, այլ այն կոնկրետ քայլերի մասին, որոնք կարելի է ձեռնարկել արյունահեղությունը դադարեցնելու եւ իրավիճակը բանակցությունների հուն վերադարձնելու համար", - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանը շփումներ է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ քննարկում է Լեռնային Ղարաբաղի թեման այլ պետությունների, մասնավորապես Թուրքիայի եւ Իրանի հետ: "Այսօր մենք Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ նույնպես հեռախոսով քննարկել ենք Ղարաբաղը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ - ի նախագահների, հանդես են եկել ուժեղ հայտարարությամբ", - հավելել է Լավրովը:


