Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով ընդդեմ Թուրքիայի միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի պահանջը, հաղորդում է <ՌԻԱ Նովոստի>-ն:
<Դատարանը Հայաստանից ստացել է ընդդեմ Թուրքիայի 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջը>,-հայտնել է դատարանը:
Գործակալության զրուցակիցը չի պարզաբանել, թե կոնկրետ երբ կդիտարկվի պահանջը: Համաձայն դատարանի պրակտիկայի՝ պահանջը կարող է դիտարկվել մի քանի օրվա ընթացքում:
Ավելի վաղ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի: