
Արմինֆո. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) վճռական կերպով դատապարտել է բնակելի շրջանների ուղղությամբ հրետակոծությունը Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում: Այս մասին ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ։
<ԿԽՄԿ-ն վճռական կերպով դատապարտում է հրետակոծությունը, որի մասին հաղորդագրություններ են ստացվում, ինչպես նաեւ այլ ենթադրյալ անօրինական հարձակումները՝ պայթուցիկ զենքերի կիրառմամբ քաղաքներում, գյուղերում եւ այլ բնակելի վայրերում, որտեղ քաղաքացիական անձինք են զոհվում: Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները` պաշտպանելու քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ հիվանդանոցները, դպրոցներն ու շուկաները >,- հայտարարել է Եվրասիայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեփը:
Շուեփի խոսքով՝ պաշտպանության ենթակա են նաեւ քաղաքացիական բնակչության համար ջրի աղբյուրները: <Այդպիսին են պարտավորությունները՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի>,- ընդգծել է տարածաշրջանային տնօրենը:
<Վերջին օրերին ուժգնացել է ծանր սպառազինության կիրառումը Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում: Ծանր հրետանու հարվածների եւ օդային հարձակումների հետեւանքով ավերվել կամ վնասվել են հարյուրավոր տներ եւ առանցքային ենթակառուցվածքներ։ Մյուս ենթակառուցվածքներին, ինչպիսիք են՝ ճանապարհները և էլեկտրականության, գազի ու հեռահաղորդակցության ցանցերը, ևս վնասներ են պատճառվել։ Ազդեցության լայն շառավղով պայթուցիկ զենքերի կիրառումը խիտ բնակեցված տարածքներում գտնվող ռազմական թիրախների ուղղությամբ կարող է խախտել միջազգային մարդասիրական իրավունքը, որն արգելում է չտարբերակված ու անհամաչափ հարձակումները>,- ասվում է հայտարարության մեջ։
ԿԽՄԿ-ն գտնում է, որ պետք է խուսափել բնակեցված վայրերում ազդեցության լայն շառավղով պայթուցիկ զենքերից, եթե չեն կիրառվում այդ ազդեցության հետևանքները սահմանափակող և քաղաքացիական անձանց պատճառվող հնարավոր վնասները նվազեցնող բավարար միջոցներ։