Արմինֆո.Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Այս մասին Facebook - ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն, գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ: <ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը>,- նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ։
Հարկ է նաև նշել, որ գիշերը ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հակառակորտի տեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ <Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում>,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև պաշտոնապես տեղեկացրել է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։
<Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է>,- նշել է Շուշան Ստեփանյանը։