


Արմինֆո. Հայաստանում կտրականապես մերժել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պնդումներն այն մասին, որ ՀՀ տարածքից հարվածներ են իրականացվում Ադրբեջանին, ինչը կհանգեցնի ռազմական գործողությունների գոտու ընդլայնմանը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը <Զինուժ մեդիայի> եթերում, արձագանքելով Հասանովի այդ հայտարարությանը, մասնավորապես ասել է. <Կարծում եմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր խորը զինվորական գիտելիքներով երևի թե խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես՝ Վարդենիսի շրջանի բնակավայրերն արդեն իսկ հրետակոծվել են՝ օգտագործել են ծանր հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Եվ եթե դա իր համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, թող դրանից մասնագետները եզրակացություն անեն>։
Ընդ որում, նա հերքել է Հասանովի այն պնդումները, թե ՀՀ տարածքից հարվածներ են հասցվել Ադրբեջանին։ <Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռևս, և եթե Ադրբեջանի զինված ուժերի համար կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը և այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր է, ապա մեր Պաշտպանական բանակի, Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են։ Եվ Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու>,- ասել է Տոնոյանը։


