


Արմինֆո.Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային թուրքական միջամտության փաստական տվյալներ է ստացել։ Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։
Կառույցը Արցախի տարածքում ռազմաօդային գործողությունների ընթացքում արձանագրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ԶՈՒ զինծառայողների միջեւ զրույցը, որի ընթացքում կողմերը քննարկում են իրենց ծրագրերը։
Ավելին, փաստական տվյալներ են ստացվել նաև Ադրբեջանի ռազմական գործողություններին վարձկանների մասնակցության մասին, որոնք հաստատվում են ադրբեջանցի զինծառայողի և արաբ վարձկանների զրույցի ժամանակ։ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցող վարձկանների շրջանում խուճապային տրամադրություններ են նկատվում, ինչի մասին վկայում է նրանց զրույցի բովանդակությունը։
Ձայնագրության մեջ, մասնավորապես, վարձկաններից մեկը բողոքում է, որ "տեղի ունեցածը ոչ թե պատերազմ է, այլ մսաղաց": "Մեզ խաբել են, այն ամենը, ինչ ասվել է, սուտ է։ Մարդիկ մահանում են, նրանք չեն կարողանում դիակները դուրս բերել։ Ներկայումս անհայտ կորածների թիվը 30-35 է, մենք չգիտենք, թե որտեղ են նրանք, եւ՝ արդյոք կենդանի են: Սպանվել է 35-ը, վիրավորվել է ավելի քան 70 - ը, սա խաղ չէ, դա մահ է", - ընդգծում է վարձկանը:
Անձը, որին անվանում են Աբու Վալիդ, նույնպես հայտարարել է, որ պետք չէ այլ վարձկանների բերել Ադրբեջան, քանի որ իրավիճակը շատ վատ է: "Թույլ մի տուր որևէ մեկին գալ այստեղ, մեզ բախտի քմահաճույքին են թողել։ Օրական մոտ 40-50 մարդ է մահանում, վիրավորները շատ են։ Բոլոր սիրիացիներ են, մարտի դաշտում ադրբեջանցիներ չկան։ Բոլորը պայթում են ականի վրա և թռչում մաս-մաս։ Պատերազմի սկսվելուց 2 օր անց բոլորը ցանկացան վերադառնալ, բայց նա մեզ թույլ չի տալիս և զենքի ուժով ստիպում է մնալ այստեղ", - հայտարարել է վարձկանը։



