

Արմինֆո.Հոկտեմբերի 3-ի մարտական գործողությունները շարունակվել են դիմակայության ողջ երկայնքով, հատկապես ծանր մարտեր են ընթանում ռազմաճակատի հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Այս մասին հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։
Նրա խոսքով ՝ հարձակումների ընթացքում հակառակորդը օգտագործում է իր ողջ ներուժը ՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատեխնիկա, հրետանի: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ցուցադրելով հերոսության աննախադեպ օրինակներ, հետ են մղում թշնամու հարձակումները: Հակառակորդը կենդանի ուժի եւ տեխնիկայի հսկայական կորուստներ է կրել, որոնց քանակը ճշտվում է: Թշնամին շարունակել է խախտել պատերազմի բոլոր գրված ու չգրված օրենքները ՝ թիրախ ընտրելով բնակավայրերը, այսօր նրանք գնդակոծել են Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտները։


