
Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ սիրիական իսլամիստներին Գազիանթեփով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին տվյալները չեն հաստատվի: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Պետքարտուղարության մամլո ծառայությունը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք ավելի վաղ դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ֆրանսիայի նախագահն այդ տվյալները <հաստատված փաստ> է անվանել։ Մակրոնի խոսքով ՝ Ռուսաստանը նույնպես այդ տեղեկատվությունն ունի ։
Եվրոպական շրջագայության մեջ գտնվող Պոմպեոյին խնդրել են մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի այս խոսքերը։ <Այդ հաղորդագրությունները ես էլ եմ տեսել։ Իրականում սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել այս պահին։ Հուսով եմ, որ դա այդպես չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են սիրիացի գրոհայիններին Սիրիայից տեղափոխել Լիբիա ։ Դա ավելացրել է անկայունությունը, ստեղծել ավելի մեծ հուզումներ, ավելի շատ բախումներ, ավելի քիչ խաղաղություն։ Կարծում եմ ՝ դա նույնը կանի նաև Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ այդ տվյալները ճիշտ չեն լինի>,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը ։
< Դուք պետք է հարցնեք Թուրքիայի նախագահ Էրդողանին, բայց մեր տեսակետը բավականին հետեւողական է: Սա երկարատեւ հակամարտություն է: Երբ այս լարվածությունը սրվում է, երրորդ կողմերը զինամթերք, զենքի համակարգեր են մատակարարում։ Այդպիսով բարդացնում եք իրավիճակը, մեծացնում մարդկային կորուստների ռիսկը եւ նվազեցնում խաղաղության հնարավորությունը: Այնպես որ՝ մենք բոլորին կոչ ենք պարզապես չմասնակցել դրան` բացառությամբ հրադադարի եււ երկխոսության կոչերի` որպես կարգուկանոնի եւ խաղաղություն վերականգնելու միջոց: Իհարկե, մենք դա փոխանցեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին, ինչպես նաեւ` թուրքերին>,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը: