Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել նոր հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ-ն, դրանում համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում՝ շփման գծից հեռու: Ընդ որում, նրանք տագնապ են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծացման մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Երբեք որևէ պարագայում չի կարելի հարձակվել քաղաքացիական անձանց վրա կամ սպառնալ նրանց ։ Համանախագահները կողմերին կոչ են անում լիովին պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց միջազգային պարտավորությունները։ Համանախագահները նաև ընդգծում են, որ բռնության սրմանն արտաքին ուժերի մասնակցությունը ձաաախողում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը։
Վկայակոչելով երեք համանախագահող երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները ևս մեկ անգամ կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցությունները՝ բարեխղճորեն և առանց նախապայմանների:
Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը՝ մարդասիրական նպատակներով, որպեսզի ապահովեն զոհված զինծառայողների աճյունների հանձնումը ԵԱՀԿ-ի և ԿԽՄԿ-ի հետ համակարգմամբ: