


Արմինֆո. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը (ՀՄՏԿ) զգուշացնում է, որ ադրբեջանական կողմը նոր լրատվական էջեր է բացում, որոնց նպատակն է խուճապ սերմանել հայերի շրջանում։
«Ուշադրություն. Ադրբեջանցիները սկսել են կեղծ լրատվական էջեր ստեղծել տարբեր սոցցանցերում, ինչ-որ պահից այդ էջերը սկսելու են խուճապ տարածել, հորդորում ենք հետևել միայն այն լրատվական էջերին, որոնք նոր չեն, կամ հետևել եք մինչև պատերազմական գործողությունները», - ասվում է ՀՄՏԿ տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱԱԾ-ն նախազգուշացրել էր, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։ «Միաժամանակ, շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ: Բացի այդ, հիշյալ հեռախոսահամարից, ոչ գրագետ հայերենով, հաղորդագրություններ են ուղարկվել բաժանորդներին և Ազգային անվտանգության ծառայության անունից խնդրել ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարով։
Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:



