Արմինֆո. Հայաստանն Իսրայելում դեսպանին կանչում է խորհրդատվությունների համար։ Այս մասին այսօր ճեպազրույցում հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Պատասխանելով Իսրայելից Ադրբեջանին սպառազինության շարունակական մատակարարումների մասին հարցին՝ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ հայկական կողմը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ ՝ վերջին անգամ ընթացիկ տարվա հուլիսին, և այդ հարցը մշտապես գտնվում է երկու երկրների օրակարգում:
Նրա խոսքով, հայկական կողմն անթույլատրելի է համարում Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության վաճառքը այն պահին, երբ նա Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի նկատմամբ: "Հայկական կողմը դիվանագիտական խողովակներով բազմիցս իր մտահոգությունը փոխանցել է իսրայելցի գործընկերներին։ Երբ այսօր ողջ աշխարհը կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին։ Իսրայելի այս պահվածքն անընդունելի է մեզ համար։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի ԱԳՆ - ն որոշում է կայացրել դեսպանին կանչել խորհրդատվությունների համար ", - ամփոփել է նա։