Արմինֆո. Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս և ֆլամանական բարեկամության խմբերի երկու տասնյակ անդամներ հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պատշպանություն Արցախի և Հայաստանի:
Բելգիայի ֆրանսախոս խումբը, որ կազմված է տարբեր կուսակցություններ ներկայացնող Բելգիայի դաշնային և շրջանային խորհրդարանների ներկա և նախկին պատգամավորներից, մի շարք քաղաքների ավագանու անդամներից և քաղաքապետերից, ինչպես նաև դասախոսներից, իրավաբաններից և հասարակական գործիչներից իր մտահոգությունն է հայտնել մասնավորապես խաղաղ բնակչությանը թիրախավորելու Ադրբեջանի մարտավարության և համակարտությունում՝ Թուրքիայի անթույլատրելի ներգրավածության առնչությամբ: Նրանք նաև կոչ են արել Ադրբեջանին ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը և սահմանից հետ քաշել դիպուկահարներին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Արցախի բնակչությանը և Արցախի Հանրապետության՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել»:
Արցախի հետ Բելգիայի ֆլամանական բարեկամութլյան խմբի անդամներն ևս խորին անհանգստություն են հայտնել թուրքամետ սիրիացի ջիհադիստներին ներգրավման առնչությամբ: Խմբի տարածած հայտարարության մեջ ասված է. «Մենք անհապաղ հրադադարի կոչ ենք անում և հորդորում կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Տասնամյակների անկայունությունից հետո Արցախի ժողովուրդը արժանի է խաղաղության և կայուն ապագայի՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա»: