


Արմինֆո. Արդեն երկրորդ օրն է շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամասշտաբ գործողությունների մեջ: Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Facebook-ի իր էջում տեղադրված ուղերձում։
<Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու և պատրաստականության համար: Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին՝ այս ընթացքում ցուցաբերած ողջախոհության, ամեն ինչ հանուն Հայրենիքի ու ճակատի՝ նվիրվածության համար: Հպարտ և շնորհակալ եմ ՀՀ մեր հայրենակիցներին ու իշխանություններին՝ ցուցաբերած անվերապահ սատարման համար: Հպարտ և շնորհակալ եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից աջակցող հազարավոր զանգերի ու խոսքերի համար:
Խոնարհումս ու ցավակցություններս եմ հայտնում այս ընթացքում հերոսի մահով ընկած մեր բոլոր տղաների հարազատներին: Հպարտ և շնորհակալ եմ:
Հարգելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով: Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի: Հաղթանակը մերն է լինելու>,- նշված է ուղերձում։


