Արմինֆո. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատի է տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այդ տեղեկատվությունը զետեղված է դատաիրավական տեղեկատվության Datalex կայքում:
Վարչական դատարան ուղարկված հայցի համաձայն՝ Զոհրաբյանը վիճարկում է փողոցներում եւ այլ հասարակական վայրերում պարտադիր դիմակ կրելու մասին նախարարի հրամանը։
Հիշեցնենք, որ դիմակները պարտադիր կրելու պահանջն ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմի շրջանում եւ ուժի մեջ է մնում սեպտեմբերի 11-ից գործող կարանտինի առնչությամբ։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել էր, որ դիմակ կրելը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործուն միջոց է ՝ սոցիալական հեռավորության պահպանման և ձեռքերի հիգիենայի հետ մեկտեղ: Դիմակը չկրելու համար նախատեսված է 10 հազար դրամ վարչական տուգանք։