Արմինֆո. Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ «Երկու տարի առաջ` 2018 թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները», - պարզաբանել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ կառավարությունը ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչ հայտարարելու եւ շարքային կազմի զորացրում հայտարարելու մասին որոշման նախագիծը, ըստ որի, զորակոչը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2021 թվականի հունվարի 7-ից մինչեւ 2021 թվականի փետրվարի 14-ը: Այդ առնչությամբ մտահոգություն էր հնչեցվել, թե որոշ զինծառայողներ կարող են ծառայել երկու տարուց ավելի: