Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է: Դատարանի որոշումը հրապարակվել է նախօրեին՝ ուշ երեկոյան։ Դատարանը բավարարել է օլիգարխի գործունեությունը քննող ՀՀ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, որը նրան մեղադրում է խոշոր չափերով հարկերից խուսափելու, ընտրողների ձայները գնելու և խոշոր հողամասերն ապօրինի յուրացնելու համար։
Ծառուկյանի պաշտպանությունը մտադիր է որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում։ Ծառուկյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը մամուլին հայտնել է, որ իր պաշտպանյալի դեմ քրեական գործ վարելու չորս ամսվա ընթացքում վերջինս որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը։ Նման դեպքերում դատարանը, որպես կանոն, սահմանափակվում է երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, սպասելով նման որոշման, Ծառուկյանի պաշտպանությունը միջնորդել էր դատավոր Մնացական Մատրիսյանին ինքնաբացարկ հայտարարելու մասին՝ "որոշ պաշտոնյաների միջամտության վերաբերյալ տեղեկատվության առկայության" կապակցությամբ, ինչը մերժվել էր:
Ինքը՝ Ծառուկյանը, քաղաքական հայտարարություն է արել այն մասին, որ դեմ չէ իր կալանավորմանը, եթե դրանով երկրում իրավիճակը կբարելավվի։ "Ես բազմիցս նշել եմ, որ պետք է շտկել ստեղծված իրավիճակը, այն գնալով ավելի է վատթարանում՝ սկսած հուլիսից։ Սակայն ներկայիս կառավարության հետ փոփոխություն դեպի լավը հնարավոր չէ, քանի որ մարդիկ չեն տիրապետում այն ոլորտներին, որոնք իրենք ղեկավարում են։ Եթե ինձ կալաննավորեն, եւ իրավիճակը փոխվի դեպի լավը, ես դեմ չեմ", - եզրափակել է Ծառուկյանը։ Նա երեկ երեկոյան, ինչպես հաղորդել է նրա փաստաբանը, կռահելով դատավճռի մասին, դատարան չի ներկայացել, այլ գտնվել է ԱԱԾ շենքի մոտ՝ սպասելով իր կալանավորմանը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ