Արմինֆո.Ինֆորմատիկայի միջազգային 32-րդ օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները նվաճել են արծաթե եւ բրոնզե մեդալներ: Մրցույթի մասնակիցները Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և "Քվանտ" վարժարանի 12-րդ դասարանի սան Սամվել Անդրեասյանն են:
Օլիմպիադան անցկացվել Է սեպտեմբերի 13-23-ը առցանց ձեւաչափով: Թիմի հետ աշխատել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոսներ Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի մագիստրոս Լևոն Մուրադյանը:
Նշենք, որ օլիմպիադան պետք է տեղի ունենար հուլիսին Սինգապուրում, սակայն համավարակի պատճառով որոշում է կայացվել այն անցկացնել առցանց ռեժիմով: Օլիմպիադային մասնակցել են 343 աշակերտներ 87 երկրներից: Մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանը Հնդկաստանի հետ կիսել է 23-րդ տեղը: