Արմինֆո.Հայաստանում այսօր չկան բարեփոխումներ, որոնց ընթացքից ես գոհ լինեի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
"Օրինակ, արդարադատության ոլորտի բարեփոխումների հետեւում, ցավոք, արդեն դրսեւորվում է խոշտանգումների վերադարձը քրեակատարողական հաստատություններ։ Դա վաղուց չէր նկատվում, սակայն այսօր մարդկանց խոշտանգումները մեր ՔԿՀ-ներում կրկին իրականություն են դառնում։ Յուրաքանչյուր բարեփոխման վերապահված է իր ժամանակահատվածը։ Եվ, իմ կարծիքով, անցումային արդարադատությանը վերապահված ժամանակահատվածն արդեն ավարտվել է։ Այդ ամենը պետք է իրականացվեր հեղափոխությունից անմիջապես հետո", - հայտարարել է նա։
Դատաիրավական բարեփոխումը, ըստ Մարուքյանի, համատարած ձախողվել է։ Իսկ "Լուսավոր Հայաստանի" առաջարկած վետինգի գաղափարը վարչապետ Փաշինյանը սկզբում ընդունեց և սատարեց, բայց հետո, չգիտես ինչու, հրաժարվեց դրանից։ Ավելին, այն դատավորները, որոնց մեղքով Հայաստանը փոխհատուցում է վճարում ՄԻԵԴ-ի որոշումներով, այսօր դառնում են ՍԴ անդամներ և ՍԴ նախագահի թեկնածուներ, այլ ոչ թե հրաժարական են տալիս՝ ինչպես պահանջում էր վարչապետը։
Ելնելով գործերի նման վիճակից՝ քաղաքական գործիչն իշխանությունը բնութագրում է որպես անսկզբունքային և անհետևողական սեփական մտահղացումների և որոշումների իրականացման գործում։ Իշխանություն, որը միանգամայն հետևողականորեն ոչնչացնում է հասարակության՝ իր հետ կապված բոլոր հույսերը։ Եվ նման բովանդակության, նման որակի և պրոֆեսիոնալիզմի նման մակարդակի իշխանությունից, ըստ Մարուքյանի, դատաիրավական բարեփոխման վերակենդանացում ակնկալելու հարկ չկա։
Ընդ որում, քաղաքական գործչի գնահատմամբ, Հայաստանում, անշուշտ, կան պրոֆեսիոնալ կադրեր, ընդ որում, ոչ միայն դատաիրավական, այլ նաև այլ, ամենատարբեր ոլորտներում։ Սակայն նրանց ի նպաստ ընդհանուր գործի աշխատանքում ներգրավմանը խանգարում է իշխանության հռչակած բաժանումը "սևերի" և "սպիտակների"։ Ինչը լիովին համապատասխանում է նրա տարանջատման քաղաքականությանը։ Մինչդեռ, Հայաստանի սահմանափակ ռեսուրսներն, ուղղակի, թելադրում են հակառակ գործընթացի՝ համախմբման անհրաժեշտություն։
Ընդ որում, Մարուքյանը ոչ մի կերպ որպես նման մասնագետներ չի դիտարկում Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, որոնք արդեն հասցրել են սեփական ունակությունները ցուցադրել վերջին երկու տասնամյակում։ Նրա գնահատմամբ ՝ դրանք անցյալից մարդիկ են, մինչդեռ այսօր Հայաստանն ապագայի մարդկանց կարիք ունի։ Հենց դա է պահանջում այսօրվա իրականությունը։
"Ես նկատի ունեմ Հայաստանում երբեք պետական պաշտոններ չզբաղեցրած բազմաթիվ պրոֆեսիոնալների։ Դրանք մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների, մեդիա ոլորտի, ակադեմիական ոլորտի մարդիկ են։ Ահա թե ում է պետք ներգրավել երկրի կառավարման մեջ։ Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է իր նախորդների գործը, այն, ինչ չէին հասցրել ավարտել Քոչարյանն ու Սարգսյանը։ Իմ ճշմարտացիության մեջ համոզվելու համար, պարզապես, նայեք հանրապետականներին "Իմ քայլը" դաշինքում կամ Սերժ Սարգսյանի տխրահռչակ կադրերին Փաշինյանի կառավարությունում", - ամփոփել է Մարուքյանը։